Բոլոր տեքստերը

Գեղարվեստական

Կազմել ենթակորպուս

NN ՇՐՋԿԵՆՏՐՈՆՑԻ չորս քեռիս ռազմաճակատում էին, հիմա զորակոչվել էին հայրս և իր հորեղբորորդի Շաքրոն, որ նաև մորս հորաքրոջ որդին էր։|| Երկու քեռիս՝ Հայկազն ու Վարդանը, չվերադարձան, Շաքրոն չվերադարձավ, Ոսկան մեծ քեռիս վերադարձավ չփակվող վերքից արյուն տալով, խմել սկսեց և մինչև հիմա խմում է։|| Մյուս՝ Արտաշ քեռիս ռազմաճակատ չհասավ, ռազմաճակատը, կարծում եմ, չտեսավ. «դժվար տղա էր», երևի թե հոր՝ Իշխան պապիս համաձայնությամբ, զինկոմիսարիատն ուզում էր քաղաքը նրա անհանգստությունից ազատել, բայց նա կարողանում էր ամեն անգամ ետ փախչել։|| Արտաշը քաղցկեղից վերջերս մահացավ, Շաքրոն հինգ ժառանգ է թողել, զոհված երկու քեռիս ժառանգ չեն թողել և դա ամենացավալին չէ, քանի որ կենտրոններից ու ժամանակի քաղաքակրթությունից հեռու մեր Ահնիձոր գյուղում շատ տղերք անգամ լուսանկար չեն թողել, նրանց պատկերը իրենց տոհմի ուրիշ տղաների մեջ պատահաբար եթե կրկնվել է՝ ուրեմն որևէ պառավ երբեմն հիշում է, որ այդպիսի մեկը կար հեռավոր նախապատերազմյան ժամանակներում։|| Հայրս կա, իմ սիրած բացատն անցյալ ամռանը հնձում էր, թուխ մոշահավը տանու թռչունի պես ետևից քուջուջ էր անում, իմ հայտնվելու վրա շատ անհանգստացավ, բնիկի իր կարծիքով՝ ես իրենց՝ իր ու ծերունի հնձվորի բացատում օտարական էի։|| Բայց խոսքը հիմա այն պահի մասին է, երբ երեսուներեք տարեկան Իգնատ հիանալի ատաղձագործն ու հողի մունջ մշակը և իր հորեղբորորդի երեսներկամյա Շաքրոն՝ բրիգադավարը, ակտիվիստը և առհասարակ գյուղական զորեղների միջից միշտ ...
Հերն անիծած, բայց Արարատը միշտ եղել է Արարատյան հովտում, իսկ հովիտն Ասորիքից հյուսիս է. հեթիթներն էլ հյուսիս էին, բայց այդ առեղծվածային հիքսոսները կռվել են նաև հեթիթների դեմ: Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում զինվեց Մեծամորի պողպատե սրով, մարտակառքի անվաճաղերը հղկեց Արեգունու կենի ծառից, որ մետաղի կարծրություն ունի... Ցորնաթուխ ու եռանդուն մարդկանց մի ցեղ, որ երկաթը քարից զատում էր ֆոսֆորի մոգությամբ, իսկ ֆոսֆորը գտել էր ոչխարի ու տավարի ոսկորի մեջ և առհասարակ ոսկորի մեջ՝ լինի տավարի թե մարդու... Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հայ ու իր երկիրը Հայք էր կոչում, հեթիթներին ոտնատակ տալով հյուսիսից իջավ Ասորիք, սուրաց ու փշրեց երկաթով բրոնզե բանակներն ու... Թուխ ու ջղային մարդկանց երկու ցեղ, որ իրենց հայ ու հույն էին կոչում, զինվեցին սաղավարտով, նիզակով, թրով, զրահավորվեցին իրենք և զրահապատեցին իրենց նժույգը, միացան, դարձան հայ֊հույն միակուռ ասպետ, և Մարաթոնից զրնգոցով եկավ ասպետը... Արևելքից գալիս էր արտ ու արոտ տրորելով Ակչա֊կոյունլու ոչխարի հոտը... Զրնգոցով գնաց ասպետը, խփեց ու խրվեց Ակչա֊կոյունլու հոտի մեջ և տառապեց ու ելնել չկարեցավ բրդի փափուկ նեղվածքից, և նրա զրահը բրդի մեջ չէր զրնգում... Եվ հովիվը մահակը թափահարեց ու քշեց նրան էլ հոտի հետ մինչև Մարաթոն ու Հերկուլեսյան սյուներ: Եվ նա մոռացել էր, որ ...
Սեղանին մնացած հացի մի փշուրը մատների արանքում, խոսակցության ընթացքում սկսում է տրորվել, տրորվել, տրորվել այնքան, մինչև նա այլևս ոչ հաց է, ոչ խմոր, կեղտոտ մի գնդիկ է՝ առանց պատկանելության, առանց պետք ու նշանակության... Տրորողի կողմից էլ մոռացվում է նրա գոյությունը, իսկ նա ժամանակին ցորեն է եղել, հետո՝ հաց... Ես հենց այդ մնացուկն եմ, որ մարդկային ոլորտում երբեմն տակիչք են անվանում, նաև չեն զլանում տականք կոչել։ Գիտեմ՝ դա հարաբերական հասկացություն է, բայց ինչ֊որ միջին մի բան կա, որով չափակշռում է հասարակությունը, և չափակշռում ես ինքդ քեզ։ Ես գոնե հստակ գիտեմ իմ պակասությունները, որոնք երբեմն ինձ դուր են գալիս, քանի որ դրանք իմ պակասություններն են, երբեմն էլ՝ ներքնապես ամոթ պատճառում։ Ասեմ՝ ծույլ եմ, աշխատել չեմ սիրում թե չեմ կարող՝ դժվար է հասկանալ. գուցե չեմ սիրում, որովհետև չե՞մ կարող։ Մի խոսքով, ոնց ուզում եք՝ գնահատեք։ Հետո՝ նախանձ չեմ. սա թերևս ամենաարատավոր կողմս է. ուրիշի հաջողությանն անտարբեր եմ, և այդ պատճառով, որևէ շարժում առաջխաղացման նպատակով չեմ անում, իսկ դա, ինչպես ես եմ հասկանում իմ կարճ խելքով, հասարակության զարգացման կարևոր, կասեի՝ գլխավոր գործոնն է։ Ամաչկոտ եմ այնտեղ, որտեղ պետք չէ ամաչկոտ լինել՝ գլխավորապես մարդկային սովորական և նորմալ փոխհարաբերություններում, և լիրբ ու լկտի եմ, որտեղ իսպառ դրա հարկը չկա։ Երբեմն իմ շրջապատի տականքներն ասում են, որ ...
Արգելեցին զենքով եկեղեցի մտնել: Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին, և մենք, զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք: Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը: Մենք քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ: Մենք մտնում ու դուրս էինք գալիս, վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների և տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց՝ իրար ետևից ընկնող գյուղերի միջով: Մեր հարձակման հաջողությունը սրընթաց զարկի մեջ էր: Շտաբն ու գեներալներն արգելեցին ժուռնալիստներին մեր ետևից խորանալ: Նրանց դժգոհությունը հաշվի չառնելով՝ դրեցին մեքենաներն ու ետ ուղարկեցին: Վերցված գերիներին և վիրավորներին խումբ֊խումբ թիկունք էինք ուղարկում: Քնում էինք քնապարկերի մեջ՝ թացին, չորին, ցրտին ու տաքին, քնում ու արթնանում էինք, դեռ լույսը չծագած, տանկերը առաջներս գցած, հողի դողը ոտքներիս տակ, մետաղե ատամնանիվների ճռնչոցը ականջներիս մեջ՝ մտանք տափաստան: Դեմ֊դիմացի գյուղը վերցնելը դժվար չէր, բայց չէինք ցանկանում տղաներին կորցնել: Դադար առանք ու օձերի՝ կապտակարմրագույն էլեկտրակայծերի նման դուրս նետած երկթև լեզուները արհամարհելով՝ քնեցինք դեղին դդումների դաշտում: Լուսածագին քարտեզը ծնկներին գեներալներն ու հրամանատարները ճշտեցին գյուղի դիրքը, ու մենք չորս կողմից տապալված հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների ու, քթներիս առած ինչ֊որ բուրմունքների միջով, մեր շղթայակազմ շարքերից ընկնող տղաներին թողած կրնկակոխ եկող սանիտարական մեքենաներին, բամբակի դաշտերով էլ անցանք ու հողի դողը ոտքներիս տակ՝ մտանք գյուղ: Մեկը կանչեց, ես թիկունքից ձայն ...
Ընտանեկան դժբախտ մի պատահար պատճառ եղավ, որ հիշողության մեջ կրկին կենդանանա մի երկարատև կյանքի ողջ անցյալը՝ որքան ծանր, նույնքան սովորական այդ սերնդի մարդկանց համար։ ... Երկրորդ հայկական մահվան գունդ, հրամանատար Սամարցև, խոսում էր ընտիր հայերեն, Սարիղամիշի ճակատ, 1918 մարտ, ապրիլ, անձրև, անձրև, անձրև անընդհատ։ Սարիղամիշի անկումն ապրիլի տասին։ Հաջորդ տարի՝ Ալեքպոլ, հեռագրիչի քննությունից կտրվեց, անունը չէր հիշում, ազգանունը Միշմիրյան, Իրկուտսկի հայկական հյուպատոս Յաղուբովի գործավարը, ազգային խորհրդի որոշումով հայտնվել էր Ալեքպոլում, հայերեն գիտեր չորս բառ, մորզեից կտրեց, Խոսրով Կանդիլյանը մնաց շարային հատուկ առաջադրանքների վաշտում, ծառայություն, որի իմաստն ու առաքելությունը դեռ պիտի իմանար։ Ինքնակենսագրությունից. «Շնորհիվ Ս. Հայկունու հետ իմ ծնողների ծանոթությանը դեռևս Ալաշկերտից, ուր նա եղել է ուսուցիչ, և նրա ազդեցությունը ինձ վրա լինելով ոչ տևական, բայց ուժեղ, ես նրա հանձնարարությամբ 1904թ. մտնում եմ հնչակյան կուսակցության մեջ։ Քաղաքական իմ անպատրաստության և չափազանց երիտասարդ տարիքիս պատճառով ես ի վիճակի չէի պարզելու հնչակյան դուալիզմը՝ ազգային և ինտերնացիոնալ գաղափարների զուգորդության անհնարինությունը։ 1907թ. քաղաքական գործունեության ժամանակ, բանտում ծանոթանում եմ ու հրապուրվում անարխիստական գրականությամբ, հատկապես Կրոպոտկինի գրվածքներով... Ապա ինչ և ինչ պայմաններում հայտնվում եմ դաշնակցական բանակում։ Մի միջադեպից հետո ընդմիշտ հեռանում եմ քաղաքական գործունեությունից»։ Իր ինքնակենսագրությունը երկարատև կյանքի այլևայլ առիթներով Խոսրով Կանդիլյանը պիտի կրկներ բազմիցս, համարյա նույն բառերով, և մշտապես նույն տարեթվերով. 1905թ. գործադիր կոմիտեի կարգադրությամբ մեկնում ...
Արդեն երրորդ օրն էր, որ Սիմեոնի հինգհազարանոց զորքը Գայլ գետի հովտով շարժվում էր հարավ-արևելք: Եվ արդեն երրորդ օրն էր, որ անձրևը չէր դադարում: Ձիերը երբեմն մինչև ծնկները թաղվում էին լպրծուն ցեխի մեջ, և հեծյալները ստիպված ցած էին գալիս՝ օգնելու և ոգևորելու: Երբ ճանապարհին որևէ բնակավայր կամ հովվակայան էր երևում, առջևից ընթացող զինվորները շրջվում էին Սիմեոնի կողմը: Այդ պահերին Սիմեոնը ձգում էր հոգնածությունից կորացած իրանը, գլուխը բարձրացնում, ընդունում այն վստահ ու անտարբերության հասնող հանգիստ կեցվածքը, որը սովորաբար ունենում էր Կոստանդնուպոլսում՝ կայսերական շքախմբի առջևից ընթանալիս: Նրա հայացքը սահում էր թաց զինվորների վրայով, կորչում Հռոմեական կայսրության անծայրածիր տիրույթներում: Սիմեոնն առաջին անգամ էր Փոքր Ասիայում: Ամիսոսը, որտեղ նրանք ափ իջան տասնօրյա բարեհաջող նավարկությունից հետո, նրա վրա լավ տպավորություն թողեց, սակայն այժմ, երբ խորանում էին թերակղզու խորքերը, ավելի ու ավելի էր համակվում կասկածով, որ ոտք է դրել անակնկալներով լի երկրամաս: Փրփրած գետը, մոխրագույն խավարում կորած հորիզոնն ու լպրծուն գետինը խարխլել էին վստահությունը, սակայն հաջողության և սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատը, որը ծնվել և զորացել էր Ապենինյան թերակղզում՝ լանգոբարդների և Բալկաններում՝ բուլղարների դեմ տարած հաղթանակներով, շատ ամուր էր նստած նրա մեջ: Նա ռազմի դաշտում պարտություն չէր կրել: Անցած զինվորական ուղին վերելք էր, զերծ սայթաքումներից և դադարից: Լինելով պարսիկների դեմ Հերակլիոս կայսեր վարած հաղթական պատերազմների հերոսի թոռ ...
Երբ նրանք հայտնվեցին մեր փողոցում, երբ մենք տեսանք նրանց, երբ նրանք կողք-կողքի քայլեցին դեպի սև տուֆից տունը, մենք վերջապես տեսանք այն, ինչը իրականում վաղուց էինք տեսնում, իմացանք այն, ինչը փաստորեն վաղուց գիտեինք։ Սև տունը՝ ժամանակին այնքան բարձր ու շքեղ, հպարտ ու հաստատուն, հանկարծ տեսանք փոքրացած ու խեղճացած, հանկարծ գլխի ընկանք, որ պերճաշուք ու գոռոզ իշխանուհին, մեր աչքի առաջ, բայց մեզնից թաքուն, ծերացել է ու հոգնել, դարձել փոքրիկ, աննկատ պառավ։ Մենք ձվից ասես միայն հիմա դուրս ելանք ու զարմացած նայեցինք 5-րդ փողոց կոչվածին, մեր աչքերը ասես միայն հիմա բացվեցին, այդպես նայելու ու այդպես տեսնելու համար։ Իսկ մինչ այդ մենք տեսանք նրանց։ Մեր 5-րդ փողոցը քանդված էր (նոր գազամուղ էին տանում դեպի պողոտա), նրանք ստիպված շուտ իջան տաքսուց, մի հարյուր մետր պետք է ոտքով գնային, և մեզ չգիտես ինչու թվաց, որ դա Մարտին Սահակյանի անցնելիք ամենաերկար ճանապարհն է։ Նաև ամենադժվար ճանապարհը։ Բայց նախքան ճանապարհների երկարության ու դժվարության և ընդհանրապես ճանապարհների մասին մտածելը, նայում էինք մենք նրանց ու թեև երկուսից միայն մեկին էինք ճանաչում՝ Մարտինին, իսկ մյուսին՝ կնոջը, տեսնում էինք առաջին անգամ, վրան էլ ոտքից գլուխ գրված էր՝ այն տեղերից է, որտեղ 5-րդ փողոցի անունն անգամ չպիտի լսած լինեն, մենք նայում էինք մեզ քաջ ծանոթ Մարտին Սահակյանին ու թվում էր, նրան առաջին անգամ ...
NN Երբ սկսեց աշխատել, շատ զարմացավ, որ չի զգում ինքն իրենից ակնկալվող դիմադրությունը։|| Ո՞րն է այդ փոփոխության պատճառը։|| Թերևս առանց ջրի մնալու վախը կամ կնոջ նկատմամբ ունեցած պարտավորությունը...|| Բայց գուցեև պատճառը աշխատանքի բնո՞ւյթն է։|| Հիրավի, աշխատանքը մարդուն օգնում է հաշտվել սուրացող ժամանակի հետ նույնիսկ այն դեպքում, երբ այն աննպատակ է թռչում։|| Մի անգամ «Միոբիուսի ժապավենը» նրան տարավ ինչ-որ դասախոսության։|| Վայրը, ուր տեղի էր ունենում այդ դասախոսությունը, ցանկապատված էր երկաթե ցածրիկ ու ժանգոտած ցանցով, որից այն կողմ թափված թղթի կտորները, դատարկ տուփերը, անհայտ նշանակություն ունեցող փալաս-փուլուսը բոլորովին ծածկել էին գետինը։|| Նախագծողի խելքին ի՞նչ էր փչել այստեղ վանդակապատ դնել...|| Եվ ասես տարակուսանքով լի նրա այդ հարցին պատասխանելու համար հայտնվեց հնամաշ բաճկոնով մի մարդ, որը կռացավ երկաթե ցանկապատի վրա ու մատներով քերեց...|| «Միոբիուսի ժապավենը» շշնջաց, թե այդ մարդը հագուստը փոխած ոստիկան է։|| Առաստաղին տարածվեցին անձրևաջրի սրճագույն հետքերը, որոնք շատ խոշոր էին...|| Եվ այս իրադրության մեջ դասախոսն ասաց. «Աշխատանքի նկատմամբ գերակշռության այլ ճանապարհ չկա, քան ինքը՝ աշխատանքն է։ Ոչ թե ինքնին աշխատանքն է արժեք ներկայացնում, այլ աշխատանքով աշխատանքը հաղթահարելը։ Աշխատանքի ճշմարիտ արժեքը կայանում է նրա ինքնաբացասման մեջ»։|| Ականջ ծակող մի սուլոց լսվեց։|| Մատները բերանը խցկած ինչ-որ մեկը պայմանական ազդանշան էր տալիս։|| Ավազով լի զամբյուղները դուրս քաշելուն ուղեկցող անհոգ աղմուկ-աղաղակը փոսին մոտենալով աստիճանաբար լռեց։|| Եվ ...
Կանգառներում կամ փողոցի ուզածդ կետում ազատ մեքենա սպասողներից իր ուղևորին Հարութը շուտ ջոկում է։ Նրանք, ովքեր ուրիշների գլխի վրայով սևեռուն նայում են հեռուն, սպասում են «24»-ի, տարեց կանայք կանգնեցնում են միայն տաքսի, աղջիկների հետ կանգնած տղերքը մագնիտաֆոնով ավտոմեքենան զգում են հեռվից, աղջիկներն ու ջահել կանայք «Զապորոժեց» չեն նստում առհասարակ, հեռու ճանապարհ գնացողը, ջղագարը, ծաղիկը ձեռքին սպասողը, թատրոն ու հյուր գնացողը «Զապո» չի նստի,— մնում են նրանք, ովքեր ապահովությունը գերադասում են արագությունից, ավելորդ ռուբլին իրենց պահելը շքեղությունից (կտան իրենց ուզած գինը), նաև շուկայից, խանութից ելած տարեց մարդիկ, և բարեհոգի հարբեցողները, մեկ էլ նրանք, ովքեր այսօր էլ մի ռուբլով պրծան կանգառում սրտաճաք մահից։ Շատ չէ, քիչ էլ չէ։ Այսքանի համար նա բզզացող իր բլոճը բանթողից հետո քշում է ուղիղ քաղաքի սիրտը։ Հարութը լավ է հասկանում, որ այդպիսի մի մեքենայով վաստակելու ամենահարմար ժամանակը կեսգիշերն է, բայց փողը նրան հետաքրքրում է այն պայմանով, որ հանգիստը չխանգարի։ Եվ եթե օրը հաջող չստացվեց, չի էլ զոռի։ Կքշի տուն։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պատահեց, որ փողի այնքան կարիք ունեցավ, որ ոչ մի բանով չի փոխարինվի, եթե, մանավանդ, փողը պետք է մեքենան սարքին պահելուն, այդ դեպքի համար նա ամենալավ ժամերը գիտի՝ առավոտյան 3-5-ը։ Այդ մեղքի ժամին տղամարդիկ սիրուհիների անկողիններից դուրս են գալիս ծիրան-ծիրան, նրանք իրենցով տեսնում են փողոցը լցված, ...
NN Մի օր խմելով ընկա ու կյանքից հետ մնացի։|| Հետ ընկածների խաժամուժի մեջ ինչ տեսակի մարդ ասես կար։|| Մեկը փիլիսոփա էր ու պնդում էր, որ կյանքը (մարդկային կյանքը նկատի ուներ) Աստծո երազի մթագնած դրվագն է։|| Եթե Աստված ուզենա հիշել իր երազը, կապիկներից այս կողմ եղածը կմոռանա։|| Ինչ մի հիշելու բան է, որ չմոռանա։|| Մեկ ուրիշը պարուսույց էր, ինքը չէր պարում, բայց բոլորին ստիպում էր, որ պարեն։|| Ասում էր. «Պարում ես, ուրեմն՝ ապրում ես»։|| Մի չարաճճի երեխա կյանքից հետ էր ընկել մանկապարտեզի վարիչի դեմ բռնություն գործադրելու և այնուհետև հրավիրված ոստիկանության աշխատակիցներին քաշքշելու համար։|| Արդյունքում երեխային հեռացրել էին էլիտար մանկապարտեզից։|| Խիստ համակրելի մի մարդ էլ հեռադիտակն աչքերին դրած դիտում էր։|| Հարցնում էին՝ ի՞նչ ես փնտրում։|| Ասում էր՝ ապագա։|| Պարզվեց՝ թուրք էր։|| Ոչ էլ պարզվեց՝ ինքն ասաց։|| Մեկն էլ կար՝ տոհմածառի առևտրով էր զբաղվում։|| Պատվիրատուի տրամադրած տվյալներից, իր երևակայության շնորհիվ, այնպիսի տոհմածառ էր հորինում, որ քեֆդ գալիս էր։|| Թռչում էր պատերազմների վրայով, դավաճանության ու կոտորածների վրայով, արյուն կուլ տալով ու անեծք արտաշնչելով, ամոթից մեռնելու փոխարեն հպարտանալով, ճյուղից ճյուղ թռչելով, չքավորի ուսերին արքայական թիկնոց գցելով, հասցնում էր արմատին։|| «Դու արքայական տոհմից ես»‚— ասում էր և տոհմածառը մեկնում պատվիրատուին։|| Հատկանշական է, որ կյանքին համընթաց քայլող հարյուր հայաստանցուց իննսունինը ձեռք բերեց այդ տոհմածառերից։|| Այսօր հայոց արքայական ...