NN Խոստացել էր երեխային սպանել հենց ծնվի։|| Ծննդկանին ազատելու համար պիտի ստանար երեսուն ձու՝ կեսը հնդուշկի, թեև նրա տատմերությունը միշտ արժեցել է հավի տասը ձու, և այն հայհոյանքները, որ ստանում է երեխան հետագայում, եթե անկարգ է։|| («Ես քու տատմերը...»,— հայհոյում են համոզված՝ ում ձեռքն առաջինը դիպավ նորածնին, նրա հատկանիշներն էլ ժառանգելու է)։|| Պտուղը վերացնելն ավելի թանկ էր՝ կանաչ շալ կտորը, որ ստացավ այն օրը, երբ աղբյուրի գլխին հավաքված կանանց մեջ Նախշունը երկտակվեց, ծունկը խփեց գետնին ու ցավից մզզաց։|| Կանանցից երկուսը նրա թևերն ընկած քռքաշ տարան տուն, իսկ պատշարի կնիկ Բավականը մի քանիսին, այդ թվում և Սաթոյին, աչքունքով հասկացրեց, որ իր հետևից գնան։|| Երբ ծննդկանի ցավերը թողնում էին, Սաթոն արանքում իրեն գցում էր դուրս։|| «Հը՞»,— ձնով սառած ձեռքերը շփելով սպասողական նայում ու հայացքով լռությունը թրատում էին դռան մոտ խմբված կանայք։|| «Չէ»,— նետում ու կրնկի վրա հետ դառնալով ներս էր մտնում, մի կում խնձորի օղի գցում, ոտքով ցան լցնում թոնիրը ու աչքերը կսկծացնող ծխից կկոցելով՝ գոռում դռան մոտ կանգնածներին. «Երդիկը բացեք»։|| «Լուսինը կխփի ծննդկանին»,— արձագանքում էին դրսից։|| Սաթոն ծխից քխկալով ու ջրակալած աչքերը սրբելով մոտենում էր ծննդկանին։|| «Ձիավոր» ա,— բացատրում էր տանջանքից նվաղած կնոջը,— մի քիչ էլ սպասենք, թե չեկավ, ձեռքս կմտցնեմ կուղղեմ»։|| Վերմակը տպտպացնում էր կնոջ ոտներին, ճակատը շոյում ու աչքերի …
Դա Եսայու հիշողությունը չէր, նա այդպես չէր հիշում։ Նրա հիշողությունը սկսվում էր անեզր լուսավորության մեջ հայտնվող մի մուգ բծից, ապա բիծը ահագնանում էր, գրավում ամբողջ լույսը և ապա պայթում, տրաքտրաքում անվերջ, շնչահեղձ անում ու նվաղեցնում։ Դա Եսայու հիշողությունը չէր արդեն, դա հիշողությունից մնացած հետագիծն էր, որ մտածելու ձև էր դարձել, մի գալար էր դարձել ու ավելացել ուղեղին և ամեն պահ իր հետ էր՝ մի հին ու այլ աշխարհ՝ ոչ մի կապ չունեցող իր կյանքի, իր գործի, իր շրջապատի հետ։ Այսօրը նրա շարունակությունը չէր. և դժվար էր պատկերացնել, որ ինչ-որ սահման է եղել, նրբանցումներ են եղել այդ գերեզմանակուր վաղնջական աշխարհի և այսօրվա միջև, որ կամաց-կամաց է այն փոխվել ու դարձել մի ուրիշ բան։ Ուղղակի մի փլուզակ-կտրվածք կար իր երկու կյանքի միջև։ Ու հիմա մեծ միջնորմ էր խոյացած, բարձր ցանկապատ, որ ոչ անցք ուներ, որտեղից կարելի էր տեսնել մյուս կողմը, ոչ սանդուղք՝ բարձրանալու համար վեր ու վերևից նայելու այն կողմը՝ երազի պես մի տեղ, մղձավանջի պես մի բան, Եսայու էությանը հակառակ, աշխարհը անհասկանալի ու անտրամաբան դարձնող... Ճչան ու սպիտակ լույսի մեջ՝ իրար խածած լեռներ, արյուն, գոռուգոչ, լաց, անկանոն շարժում, իրարանցում... Դանդաղ ու հիմնավոր, կանոնակազմ ու ոչ մանրաշարժ կրքերով Եսային մի պահ եղավ, որ զգաց ամեն ինչի պարապությունը, մի պահ եղավ, իր դեմ-դիմաց …
Ամեն տարի ամառային արևադարձին նախորդող օրվա մայրամուտից առաջ Արևը մի պահ կանգ էր առնում՝ կարծես կառչում սարից, և նրա վերջին ճառագայթներից լուսավորվելով՝ Հաչա Քարի զույգ կատարները կարմրում էին, ու այդ կարմրությունը պահպանվում էր մինչև լուսաբաց։ Ողջ գիշեր լույս էր լինում, իսկ առավոտյան Գյուղը զարթնում էր հաճույքից խոնջացած կնոջ նման։ Միայն մեկ անգամ՝ 1941 թվականի հունիսի 21֊ի երեկոյան, Արևը չկատարեց հրաժեշտի իր ծեսը, և գյուղամիջում՝ Բազարի հսկա չինարիների տակ նստոտած ու ծեսին սպասող մարդկանց մոտով դեպի իր ժայռափոր կացարանը գնացող հղի Եվան ասաց. — Փորձանք ա լինելու։ Չինարիների տակ նստոտած ու ծեսին սպասող մարդիկ հաջորդ օրը և հետագա ամբողջ կյանքում հիշեցին այդ կնոջ ասածը, որովհետև 1941 թվականի ամառային արևադարձին նախորդող օրվա երեկոյան Հաչա Քարի կատարները չվառվեցին, գիշերը լուսավոր չեղավ, իսկ առավոտյան՝ պատերազմը մտավ Գյուղ, թակեց լուսամուտները, շրխկոցով բացեց բոլոր դռները, չափահաս տղամարդկանց շարք կանգնեցրեց ու տարավ ռազմաճակատ։ ... Մենակ էր ապրում ու առանձին՝ Գյուղից կտրված։ Ոչ ոք չգիտեր, թե այդ կինը երբ և որտեղից է հայտնվել։ Պարզապես արդեն սովորել էին նրա գոյությանը։ Միայն տեսնում էին, որ երբեմն առավոտյան, երբեմն երեկոյան Գյուղ է իջնում, նայում՝ ինչ կա֊չկա ու դարձյալ բարձրանում Հաչա Քարի տակ՝ Մկաց Աղբրի մոտ գտնվող իր ժայռափորը։ Ամենատարեց ծերունիներն անգամ չէին հիշում, թե ժայռափորի վերջին բնակիչը երբ էր անհետացել։ Մկաց …
Քեզ համար ես ընդամենը հորինովի մոր մտացածին զավակ եմ։ Մենք հաստատ ծանոթ ենք. անունս Կիրակոս է, բայց բոլորն ինձ կարճ ասում են Կիկոս։ Մեր տան աստված Հովհաննեսը մահվանս լուրը հասցրել է ամբողջ ժողովրդին։ Բայց մեր բարի, իմաստուն արարիչն ինձ այդպես էլ ողորմի չտվեց. թե հոգեհացիս գար, հոգիս հանգիստ կլիներ ու չէր ձգտի վերածնվել։ Թե ողորմաթաս բարձրացներ ու ասեր՝ ափսոս Կիկոս, մարդիկ հետևից կասեին՝ հազար ափսոս։ Բայց էդպես չեղավ, ու գուցե բարին էլ դա էր։ Իրենից հետո, երկար, շատ երկար ման էի գալիս մեկին, որ պատմեմ իրական կյանքիս պատմությունը, ու վերջը գտա։ Անունն Արմեն է, էս տողերի հեղինակն է։ Բարդ ենք հարաբերվում, լեզու չենք գտնում։ Հեղինակս ուզում է հաղթահարել իմ մահվան պատմությունը, քանի որ համոզված է՝ իր ժողովրդի հետագա հաջողությունը Թումանյանի հեքիաթները վերապրելուց է կախված։ Նրա հասկանալով՝ հայկական ժամանակը քարացել է երեք հզոր հեքիաթի մեջ։ «Ձախորդ Փանոսը» հայի անցյալն է, հայի բախտը, որ չի բերել, «Քաջ Նազարը»՝ ներկան, հայոց երազն ու երազանքը, իսկ «Կիկոսի մահը»՝ վախն ապագայի նկատմամբ։ Ու որոշեց սկսել վերջից։ Ես նրա ասածները չէի հասկանում ու երբեք էլ չեմ հասկանա, բայց օգտվեցի գրառումներ անելու իր սովորույթից ու պատմեցի՝ ինչ հիշում էի ու ինչ որ կարևոր էր ինձ համար՝ սկզբից մինչև վերջ։ Դեռատի մորս ուղարկեցին ջրի, ու նա կանաչ, վիթխարի …
Քո կյանքն էլ կյանք չի. ուզում ես դուրս գալ ու չես կարող, լռվել, սպասում ես ջրմուղագործին, իսկ նա չկա ու չկա։ Կոյուղին խցանվել է, կպայթի, ու ջրերը կլցվեն տնով մեկ։ Եթե իրականում չկա միակ ու վերջին հերոսը՝ ջրմուղի վարպետը, եթե դու ես իրեն հորինել, ուրեմն չես փրկվի. խեղդվելու ես՝ տանդ մեջ փակված, սեփական կեղտաջրերում, ու հենց դա էլ կլինի աշխարհի վերջը, որի մասին ուրիշների պատմելով գիտես, որովհետև դու փոքր էիր ու չես հիշում, որ ամեն ինչ վերջացել է վաղուց, ու հիմա կարող ես դուրս գալ, բայց չես ուզում, դրա համար էլ լռվել, սպասում ես ջրմուղագործին, իսկ նա չկա ու չկա։ Օ՜, Մարի՜ո, Մարի՜ո, ես չեմ քեզ հնարել, դու իրականում կաս։ Չնայած դա վաղուց էր, երբ ես փոքր էի, ու մենք մեկ էինք, իրար գումարված մեկեր, բայց արի ու տես, որ ամեն ինչ հստակ հիշում եմ։ Դու հայ չէիր, իտալական ծագումով ամերիկացի ջրմուղագործ էիր։ Միասին պայքարում էինք օրուգիշեր և վստահ էինք, որ հաղթելու ենք։ Ինձ պես մի կյանք չունեիր, քոնոնք շատ էին, իմ միակը գումարվել էր քո համարակալված կյանքերին, ու թռվռալով առաջ էինք գնում։ Սկզբում հեշտ աշխարհներ էին, ասես մի ցատկով հասնում էինք երրորդ աշխարհ ու թե հմուտ լինեինք՝ մեր կյանքերը կարող էինք ավելացնել ու չպակասեցնել։ Լավ հիշում եմ անտեսանելի աղյուսների …
Հայրիկը խմում է, որովհետև չի կարողանում չխմել: Մայրս գդալով ապուրի մեջ ճզմում է դեղահաբը: Դաստակի շարժումը սահուն է, արագ:Հիմա հայրիկը շվշվացնելով զուգարանից դուրս կգա ու սովածությունից դողդողացող ձեռքերով կհամտեսի հավով ապուրը, որի մեջ լուծվել է իմ ու մայրիկի գաղտնիքը: Հացը բկիս է կանգնել: Նա արագ վերջացնում է ապուրը, սառույցով ջուր է խմում, գնում սենյակ: Ես մտածում եմ, միգուցե նա մահանա, դեղահաբը ազդի արյան շրջանառության վրա, սիրտը պայթի: Մեղքս գալիս է: Անցնում են րոպեներ: Հայրս անհանգիստ է: Անկողնուց ելնում է, վազում բաց պատուհանի մոտ, շունչը չի հերիքում: Հևում է: Չի հասկանում, ինչու է վատ զգում: Աչքերի մեջ վախ կա, այդ վախը ես տեսել եմ ոսկոր կրծող շան աչքերում: Ես ու մայրս նստած ենք խոհանոցում` մարդասպանների լուռ համբերությամբ: Հայրիկը սկսում է ոռնալ: Մենք վազում ենք օգնության, պառկեցնում մահճակալին. սավանից սպիրտի հոտ է փչում, սիրտը դուրս է թռչում կրծքավանդակից: Հաբը ազդում է: Զգուշացրել են, որ հիվանդի մոտ կառաջանա գլխապտույտ, վախ, սրտխփոց, դատարկության զգացողություն, նողկանք խմիչքի հանդեպ: Մայրս ինձ հանցակից է դարձրել, որ ապահով զգա իրեն, հեշտ կլինի, երբ հիշի, որ հաբը ապուրի մեջ ճզմելու պահին ես իր կողքն եմ եղել: Հաջորդ օրը չեմ դիմանում, խնդրում եմ մորս վերջ տալ այս ամենին. լսվում է միայն գդալի համաչափ չկչկոցը: Վերցնում եմ անխիղճ ափսեն ու խփում …
Ոչ այնքան հեռավոր 1918 թվականին, երբ շնից շատ ինքնակոչ աղաներ դեռ չկային, այս գյուղում մեն մի աղա կար՝ Լևոն աղեն։ Հարուստ մարդիկ, ճիշտ է, էլի կային, Լևոն աղից հարուստներն էլ կային, բայց որպես աղա հարգվում էր միայն Լևոնը։ Աղա էր Լևոնը՝ հոգով, սրտով, իր թասիբ֊նամուսով, տո՛, իր նիստ ու կացով, իր բոյ֊բուսաթով, ձի նստելու, զենք բանեցնելու, բաժակ բարձրացնելու իր շնորհքով... Գիշեր֊ցերեկ Լևոն աղի դուռը բաց էր ամեն գնացող֊եկողի առաջ, օրը տասը աղքատ էր կշտանում Լևոն աղի հացով. հաց տվող մարդ էր Լևոն աղեն։ Սով լիներ, դժբախտություն լիներ, թե թշնամի վրա տար, Լևոն աղեն սարի նման էս գյուղի թիկունքին կանգնած էր։ Իսկ Հրա՜յրը... Լևոն աղի չորս որդիներից ավագն էր Հրայրը։ Առյուծի սիրտ էր կերել Հրայրը։ Նրա ահից թշնամին էս գյուղից փախ֊փախ էր անում՝ ոնց որ լեղաճաք գայլը ազնվացեղ չոբանաշնից։ Աչք֊աչքի տասը տղամարդ չէր կարող չափվել Հրայրի հետ... Բայց մահը... Անտեր մնա մահը, գալիս իմա՞ց է տալիս, հարցնո՞ւմ է ով լինել֊չլինելդ, հարցնո՞ւմ է տարիքդ ու ցանկությունդ։ Տասնութ տարեկանից Հրայրը զինվոր էր, Հայաստանում էլ քաղաք ու գյուղ կա՞ր, էլ լեռ ու կիրճ կա՞ր, որտեղ Հրայրը թշնամու դեմ կռված չլիներ։ Մի հարյուր անգամ մահը ժպտացել ու աչքով անելով անցել էր կողքից։ Ժպտացել ու անցել էր, որ արյունից ու կռվից հեռու, իր գյուղի աղբյուրի շրթին …
Հիմա կամք չուներ Արմինուսը, հիմա կյանք չուներ ու հանգիստ չուներ։ Նրա մարմնում եղած բոլոր անոթները, անցքերը, ծակոտիկները, որոնք նրան օդ էին տալիս, հույս էին տալիս, թեթևություն ու, վերջապես, տրամաբանելու կարողություն էին տալիս, խցանվել էին։ Նրա մարմինը կաշկանդվել էր ու ժամ առ ժամ էլ ավելի էր կաշկանդվում. ջլերն ու հյուսվածքները, մազանոթներն ու նյարդաթելերը թնջկվել էին մի կետում ու, գնալով, իրենց ամբողջ ուժն ու կորովը խոլահած բերում էին այդ փակուղի կետին, ու պայթեցնելու չափ լարում էին դառնաբեր թնջուկը։ Եվ դիմաբանում էր այդ թնջուկը չգիտես ո՞ւմ՝ աստծուն, թե սատանային, Արմինուսի՞ն, թե՞ նրա մեջ եղած մի ուրիշ բանի։ Օր ու գիշեր մղում էր իր մոլեգնացող հոսանքը ի հեճուկս չգիտես ում և ինչի... Առաջ Արմինուսը տերն էր իր մարմնի ու իր ազատության, տերն էր իր կամքի ու հանգստության։ Ու համոզված էր, որ իր կամքը իրենն էր, ու ինքը ազատ է իր ցանկությունների մեջ։ Նրա կամքն ու ցանկությունները լույս աշխարհ եկան (այսինքն՝ այդպես էր հիշում Արմինուսը) Եդեսիայի ետնաորջերի խուլ անկյուններում։ Ո՞վ հնարեց իրեն և գցեց այս կեղտակուր միջավայրը՝ շրջմոլիկների, մուրացկանների և ուրուկների մեջ, մեծ հանելուկ դարձավ հետո, իսկ սկզբում դա իր սովորական կյանքն էր. այդպես էր՝ ուրեմն այդպես պիտի լիներ։ Նա գիտեր միայն, որ իրեն անվանում են հայի որդի, Արմինուս, և այլ կերպ ինչպես կարող էին …
Երիտասարդության միակ պատրանքը անմահությունն է, որն ավարտվում է պարտությամբ… և ուրեմն պարտությունը անմահության սկիզբն է: Պարտությունը չունի բարոյականություն և չունի հայրենիք, ինչպես` քաոսը համակարգ. այն ընդունում է երիտասարդությանը գրկաբաց` փաթաթելով նրան մենակության սառը սավանով: Մենք չունենք մտքեր, սոսկ զգացմունքների առկայծումներ, որոնք տեսանելի են միայն խավարին: Մենք չենք գալիս ավանդույթներից ու չենք գնում դեպի ավանդույթները. բնությունը չի կարող ավանդույթ ունենալ, ինչպես` Աստված չի կարող հայր ունենալ: Պարտությունը անմիտ է, բայց ոչ անզգա. ավելի լավ է երիտասարդ լինել, քան մարդ և ավելի բարոյական է պարտվել, քան հաղթել այս կյանքում, եթե այս կյանքը կա առհասարակ: Իսկ ո՞վ է զգացմունքից զուրկ միտքը, ողորմելի մի կմախք, որ հավետ պարտվում է քամուն: Հասուն ու հղկված միտք` կենսափորձով լեցուն, կենտրոն և երկհայացք` ուղղված անցյալին ու ապագային. ահա սա է հաղթանակի ծեծված թիրախը. պետք է մեկ անգամ դիպուկահարել թիրախը, այլ ոչ ողջ կյանքի ընթացքում լայնացնել նույն անցքը` կորցնելով խանդավառությունը: Իսկ ներկա՞ն. արդյոք ներկան չի ձևավորում գեղեցկությունը, և ակնթարթը չի նույնանում հավերժությանը: Անցյալն ու ապագան սոսկ ներկայի թափոններն են, ուրեմն կենսափորձով բթացած կյանքը խաբնվում է ժամանակի սլացքին, իսկ ժամանակը երբեք չի իմաստացնում մարդուն, ընդհակառակը` տարիների ընթացքում քամում է նրա ողջ իմաստնությունը: Երիտասարդությունը ներկան է. մեր երակներով հոսում է Փրկչի արյունը, և նրա երազանքի խիզախությունը: Երեսուներեքամյա Հիսուսը փորձում է փրկել …
NN 1987 թվականի մայիսի վերջին՝ ավարտական երեկոյի օրը, Ակաթն անզգուշորեն ու փիս սայթաքեց, և 1988 թվականի ճիշտ փետրվարի 20-ին՝ երբ օպերայի բակն ալեկոծվում էր, օպերայից մի կանգառ ներքև՝ Մարգարյանում, փաստորեն, ծննդաբերեց։|| 1987-ի մայիսյան էդ օրը պիտի որ տասնվեցուկես տարեկան լիներ, չնայած մայրը հետո, երբ սայթաքելու հետևանքով աղջկա փորը սկսեց կլորանալ, ասում էր՝ փաստորեն տասնյոթը վաղուց է լրացել։|| Ավարտական երեկոյի օրն էր, ավելի ճիշտ երեկոյից հետո, գիշերով, մի քանի բաժակ էլ գինի էր խմել, տուն էին գալիս, այսինքն իրենց դասարանի մի քանի տղաներ իրեն տուն էին ուղեկցում։|| Սայթաքեց։|| Ու սայթաքեց փիս մի տեղում։|| Իսկ էդտեղ՝ հենց փողոցի մեջտեղում (մի այլ տարբերակով՝ պուրակի ծառերի տակ, երրորդ տարբերակով՝ իրենց հսկա բազմահարկի ամենամութ՝ հինգերորդ հարկի աստիճանահարթակում) մի ոստ էր ցցված։|| Ու թարսի պես էդ ոստը, փաստորեն...|| Ակաթը, իր ասելով, ճչացել էր, զգացել, որ ցավ առավ ու արյուն է հոսում։|| Մի խոսքով, երբ տուն հասավ, մայրն էլ զգաց, որ մի բան է պատահել, հետո, ոտքին արյան հետք նկատելով ու սայթաքելն իմանալով, վաշ-վիշ արեց, մտածեց՝ բժշկի դիմի՞, թե՞ չէ։|| «Քոռանամ ես,— ասաց,— աղջիկս դժբախտացավ, դե արի ու հետո ապացուցիր, որ կուսությունը սայթաքելուց է կորցրել»։|| Այդ պատմությունը մայրը ստիպված էր հետո մի քանի անգամ պատմել, մանավանդ առաջին անգամ՝ բժշկի մոտ, երբ սա զննում էր աղջկան։|| Հետո ուզում …